ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

ԱՐՄԱՂԱՆ.

ԼՃԱՎԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ

ԾԱՓԱԹԱՂԻ ԱՆՏԱՌԸ

четверг, 10 ноября 2016 г.

«ՈՒՏԵԼ ԱՅՍՕՐ, ՄԱՀԱՆԱԼ ՎԱ՞ՂԸ», ԹԵ՞ ՄՆԱԼ ՍՈՎԱԾ

 «Ի՞նչ եփել այսօր», հարցից առավել արդիական է դարձել «Ինչ ուտել այսօր» հարցադրումը:
Ուտել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ հանդիսացող միջատի, բակտերիայի գենով կարտոֆի՞լ, ձկան գենով լոլի՞կ, հորմոններով աճեցված ձուկ կամ մի՞ս, նույն հորմոններով սնված հավ կամ հավի ձու՞, սննդային հավելանյութերով հարուստ երշիկեղե՞ն, թե՞ մնալ սոված:
Պարենային անվտանգության տնտեսական ու ֆիզիկական մատչելիություն
Այս հարցը շարունակ մտահոգում է բոլորին՝ մարդկանց, ովքեր ֆինանսապես կայուն են և փորձում են հետևել սննդի ընդունման տեսակին, ձևին ու քանակին, եւ մարդկանց, ովքեր գտնվում են ծայրաստիճան աղքատության մեջ ու մտածում են՝ ինչ ուտեն, որ ապրեն:
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման մասին օրենքի կետերից  մեկն է ապահովել  բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական
նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունըինչպես նաև նախադրյալներ ստեղծել՝ դիմակայելու սննդամթերքիներքին և արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին ու հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին:
Անապահով ընտանիքները՝ ռիսկի խումբ

ՀՀ բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրության հաշվետվության մեջ http://foodsecuritysc.com/wp-content/uploads/2016/06/Nutrition-report-FINAL_arm.pdf այն հարցին, թե արդյո՞ք անցած 12 ամիսների ընթացքում եղել են ամիսներ, երբ սնունդը չի բավարարել ընտանիքին, հարցվողների 46.4%-ն «այո» են պատասխանել, իսկ 53.6%- ը՝ «ոչ»,Գեղարքունիքի մարզում հարցվողների 76.60% -ը պատասխանել է «այո», իսկ 23.40%-ը՝ «ոչ»:Սոցիալապես անապահով ընտանիքի մայրիկին ուղղված իմ այն հարցին՝ «Արդյոք տեղեկացված եք, որ ԳՄՕ-ները կամ սննդային հավելանութերը վտանգավոր են առողջության համար»,- մայրիկը պատասխանում է,-«Ինչքան էլ որ ես տեղեկացված եմ, միևնույնն է, ես նախապատվությունը տալիս եմ ավելի էժան սննդին: Չունենալով ապրուստի բավարար միջոցներ՝ ես ստիպված գնում եմ ավելի մատչելի սնունդ՝ երկրորդ պլան մղելով նրա վտանգավորությունը, քանի որ, եթե ես այսօր ընտրեմ առողջարար սնունդ, որն ավելի թանկ արժե, վաղը երեխաներս սոված կմնան: Գիտեմ նաև, որ լիարժեք սնունդը պետք է բազմազան լինի, բայց քանի որ մշակում ենք կարտոֆիլ, հիմնական սնունդը դառնում է կարտոֆիլը»,- նշում է Գայանեն: «Հիշում եմ, երբ հայրս պահակ էր աշխատում, մայրս նրա հետ ընդմիջման համար սնունդ էր դնում, հայրս կատակում էր՝ ասելով մորս. «Մի օր կտեսնես՝ իմ շորերով կարտոֆիլ է տուն հետ գալիս»,- ասում է Գայանեն և ավելացնում, որ իրենց ընտանիքում դեռ փոքրուց չեն հետևել առողջ սնման կանոններին:

Տեղեկատվության պակաս

Մի բան են հայեցակարգում նշված կետերը, մեկ այլ բան՝ հայեցակարգի կետերի պահպանումը արտադրողների կողմից, մեկ այլ՝ վաճառվող սննդի որակն ու վտանգները: Խոսելով պարենային անվտանգության մասին՝ պետք է անդրադառնալ նաև մարդկանց տեղեկատվության և կրթական մակարդակին, այսինքն հայեցակարգում նշված կետերը որքանով են պահպանվում արտադրողի կողմից, և արդյո՞ք սնման վտանգների մասին տեղյակ է հասարակ սպառողը: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում նշված են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների, ինչպես նաև սննդային հավելանյութերի մասին: Քաղաքացին, անկախ բարձրագույն կրթությունից, ունեցած հնարավորություններից, որտեղի՞ց պետք է տեղեկանա օգտակար ու վնասակար սննդամթերքների մասին. ՀՀ սպառողի համար չկա տեղեկատվություն, օրինակ՝ ո՞ր բուսատեսակն է պարունակում ԳՄՕ կամ ո՞ր սննդատեսակը սննդային հավելանյութ, և վերջինս ինչքանով է վտանգավոր, իսկ եթե բացակայում են համապատասխան մակնշումները կամ գուցե առկա են, պարզ չէ, թե օրինակ E տառով և համապատսխան թվերով մակնշումը ինչի՞ համար է վնասակար կամ միգուցե «պիտանի»:Վերջերս հանդիպում ենք առանց ԳՄՕ-ի մակնշմանը,արդյո՞ք սպառողը գիտի, թե ինչ է ԳՄՕ-ն: «ԳՄՕ պարունակող արտադրանքները իրենց տեսքով և համային հատկանիշներով էականորեն չեն տարբերվում նորմալներից, բայց տեսակին ոչ բնորոշ գեների առկայությունն արդեն իսկ ինձ համար վատ ցուցանիշ է, որպեսզի ես խուսափեմ ԳՄՕ պարունակող մթերքներ գնելուց: Պետք է նշել, որ երբեմն արտադրողները պիտակների վրա չեն կատարում համապատասխան նշագրումներ: Օրինակ, ես ընդհանրապես չեմ գնում չիպսեր կամ սոյայի յուղով պատրաստված մթերքներ: Հարցի լուծման առաջնային գրավականներից մեկը բնակչության իրազեկելն է»,-նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մարգարյանը:
Սննդի պիտանելիությունն ու կալորիականությունը

Յուրաքանչյուր մարդուն օրական անհրաժեշտ է երկու հազար չորս հարյուր կկալ էներգիա, իսկ այդ կալորիաները նորմալ սնման դեպքում պետք է գոյանան տարբեր սննդամթերքներից:Արդյո՞ք քաղաքացու սնունդը բազմազան է, հարուստ վիտամիններով, ածխաջրերով և ճարպերով, եթե սնուցումը նորմալ է, օգտագործվող սնունդը՝ օգտակար, ապա ինչի՞ հետևանքով են Հայաստանում շատանում թերաճ և գերքաշ ունեցող երեխաները, յուրաքանաչյուր հինգերորդ զույգն անպտուղ է, բազմաթիվ հիվանդություններ երիտասարդացել են: Ինչպես ասում են սննդաբանները՝ «դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունն այս դեպքում վկայում է ընդունած անորակ սննդի մասին: Որպես պաշտպանական միջոց՝ սպառողները ընտրում են այն սննդատեսակները, որոնք ունեն պահպանման կարճ ժամկետ,բայց արդյո՞ք կարճ ժամկետը սննդի անվտանգության երաշխիք է: 
Անվերահսկելի շուկա

Աշնան վերջին, երբ տեղական բուսատեսակներն ու մրգերը սպառվում են, բանջարեղենի խանութներում ցուցափեղկերին կարծես չի նշմարվում եղանակի փոփոխությունն ու ձմռան ներկայությունը. ինչպես կային մրգերն ու բանջարեղենը, այդպես էլ պահպանվում են: Ի՞նչ քիմիական նյութերով կամ եղանակներով են պահպանվում մրգերը՝ սպառողին հայտնի չէ: Եթե առանց որևէ քիմիական նյութի՝ ինչու՞ բանջարեղենը նույն տեսքով չի պահպանվում մեր տներում:Շատ հաճախ, երբ գարնանը գնում ենք մեզ անհրաժեշտ միրգը, չենք հետաքրքրվում, թե ինչպես է, օրինակ, խնձորը մայիս ամսին պահպանում իր արտաքին թարմ տեսքը:Եվ միգուցե միայն արտաքի՞ն տեսքն է, իսկ օգտակար նյութեր քի՞չ կան: Կամ, օրինակ, ինչպես է ստացվում, որ տեղական միրգը, օրինակ՝ խնձորը, շատ մատչելի է, իսկ ներկրված խնձորը, որը մի քիչ ավելի մեծ է մի փոքր էլ՝ փայլուն, չնայած որ մինչև Հայաստան հասնելը երկար ճանապարհ է անցել, և տեսքը պիտի որ այդքան էլ լավը չլիներ, անհայտ պատճառներով թարմ թվացող խնձորը՝ չգիտես օգու՞տ, թե վնաս տվող միրգը, տեղական խնձորից մի քանի անգամ ավելի թանկ է:

Պիտանելիության ժամկետի խնդիրը

 Այսօր շուկայում հանդիպում ենք սննդամթերքի, որի պիտանելիության ժամկետը, կախված օգտագործված սննդային հավելանյութերի քանակից, տարբեր է. ո՞վ է վերահսկում պիտանելիության ժամկետից դուրս մնացած ապրանքի հետագա ճակատագիրը, և արդյո՞ք պիտանելիության ժամկետը լրացած ապրանքը չի փաթեթավորվում և կրկին վերադառնում շուկա՝ դժվար է ապացուցել:Տեղական արտադրության խնդիրներՏեղական հումքը շատ դժվար է իրացվում, օրինակ՝ էկոլոգիապես մաքուր կաթը ավելի էժան է, քան ջուրը, իսկ կաթն ավելի մատչելի է, քանի որ Հայաստան ներկրվում է կաթի փոշի, ինչն էլ փոխարինում է էկոլոգիապես մաքուր կաթին, և այդ համատեքստում գյուղացուն ձեռնատու չէ կաթի արտադրությունը:Շարունակ էժանացող կաթին հակառակ՝ շուկայում թանկանում է կաթնամթերքը. կա՞ արդյոք մակնշված պանիր կամ այլ կաթնամթերք,որտեղ նշված լինի կաթի փոշու առկայությունը. հարց է առաջանում՝ որտե՞ղ է անհետանում ներկրված կաթի փոշին, ինչու՞ է շուկայում թանկ կաթնամթերքը:Իսկ եթե տեղական արտադրանք է կամ էկոլոգիապես մաքուր սնունդ, այն չիրացվելու դեպքում շուտ կորցնում է իր տեսքն ու համը և վնասում արտադրողին, քանի որ առանց հավելանյութերի սննդամթերքը երկար կյանք չունի:

Սնուցման մարտահրավերները

«Սննդամթերքի պահպանման ժամկետի երկարացման, արտաքին տեսքի, համային հատկությունների բարելավման, որակի պահպանման և արտադրման ժամանակահատվածի կրճատման նպատակով սննդի մեջ ավելացվում են հավելանյութեր, որոնք ի սկզբանե հանդիսանում են էմուլգատորներ, կոնսերվանտներ, անուշաբույր նյութեր, ներկանյութեր։ Յուրաքանչյուր հավելանյութ ունի E տառով մակնշում։ Տվյալ հավելանյութերը ազդում են մարդու օրգանիզմի վրա և առաջացնում առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով որոշ երկրներում չի թույլատրվում օգտագործել մի շարք հավելանյութեր, իսկ մանկական սննդում դրանք ընդհանրապես արգելված են։ Անհրաժեշտ է կրճատել սննդային հավելանյութերով սննդամթերքի օգտագործումը, ուշադիր ուսումնասիրել պիտակը, որի վրա նշված կլինի E տառով մակնշումը»,-նշում է տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Թադևոսյանը։

Սպառողին մնում է միայն աղոթել, որ արտադրողները դառնան «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց որովհետեւ այս է օրենքը եւ մարգարեները» /ՄՏԹ. 7:12/ աստվածաշնչյան տողերի հետևորդները ու հանուն սպառման ծավալի մեծացման քիչ թունավորեն հասարակությանը՝ հիշելով, որ «առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, երբ չկա առողջություն» արտահայտությունը:

Նոնա Մուրադյան

среда, 16 декабря 2015 г.

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ԱՄԻՍ

Գավառի թիվ 1 հատուկ դպրոցն իր տեսակի մեջ մարզի միակ  կրթական հաստատությունն է, որը ծառայում է  հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Դպրոցի բարեկեցությունը, հիմնանորոգված եւ վերազինված լինելը անհրաժեշտ նախապայման է դպրոց հաճախող հատուկ խնամքի կրիք ունեցող երեխաների եւ այս խնդրին մտահոգ ծնողի համար:
Գավառի հատուկ դպրոցի տնօրինությունը եւ աշխատակիցները, իրենց կողքին ունենալով սրտացավ բարեկամներ, կարողացել են ժամանակի ընթացքում, փուլ առ փուլ, վերանորոգել շենքը եւ երեխաների համար բարեկեցիկ պայմաններ ապահովել:
Հիմնանորոգման եւ վերազինման հերթական փուլի ավարտից հետո, դպրոցում ուսանող հաշմանդամություն ունեցող աշակերտներն այլեւս շինության երկրորդ հարկ բարձրանալու դժվարություն չեն ունենալու` կրթօջախում ներկառուցված նոր վերելակի շնորհիվ: Կրթության հավասար իրավունքի ապահովմանը ծառայող վերելակը կառուցվել է Գավառի հատուկ դպրոցի ՙՆյու Յորքի բարեկամների խորհրդի՚ ֆինանսական աջակցությամբ եւ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) օգնությամբ: 

Վերջիններիս շնորհիվ այս տարվա ապրիլին ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել<<Գազել>> մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին տեղադրվել վերելակ, նորոգել շենքի մուտքը, 2 սանհանգույցը, մարզադահլիճը, խոհանոցը` տեղադրվել է կահույք, սառնարան եւ տաք ջրի կաթսա:
Դպրոցի բարեկամներն իրենք են այցելում, հետաքրքրվում, թե երեխաներն ինչի կարիք ունեն եւ ժամանակի ընթացքում լրացնում են այդ բացը:
Վերանորոգված եւ համապատասխան վերականգնողական սարքավորումներով հագեցած սրահում վերապատրաստաված մասնագետների շնորհիվ երեխաները ֆիզիոթերապիայի կուրսեր են անցնում:
Կենտրոնը երեխաներին տալիս է նաեւ միջին մասնագիտական կրթություն, երեխաները ասեղնագործություն, ձեռագործություն, նկարչություն եւ կոշկակարություն են սովորում, որը նրանց օգտակար է լինելու ողջ կյանքի ընթացքում:
-Դպրոցի աշխատանքներին, բարեկարգ պայմաններին եւ երեխաների առօրյային ծանոթանալու նպատակով դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ հայտարարվում է բաց դռների օր, մի ողջ ամիս մարզի բնակիչները կարող են այցելել հատուկ դպրոց, ծանոթանալ դպրոցի շենքային, բարենպաստ պայմաններին, երեխաների առօրյային, նրանց զբաղմունքին ու կրթության ընթացքին, թե ինչ խմբակների են մասնակցում եւ ինչ սովորում, -ասաց դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը եւ հավելեց, որ այս նախաձեռնությամբ նաեւ հնարավոր կլինի դպրոց հաճախող երեխաների թիվն ավելացնել, ծնողների մոտ առկա կարծրատիպերը ինչ-որ չափով հարթել, որով նրանք կհամոզվեն, որ տանը պահելուց առավել դրական է երեխաներին դպրոց ուղարկելը:
 -Աշակերտ ենք ունեցել, ում խնդիրների մասին ընտանիքը գաղտնի է պահել, եւ նույնիսկ հարեւանները չեն իմացել այդ մասին: Նման թաքնված դեպքեր, կարծում եմ, մեզանում դեռեւս քիչ չեն, -շարունակեց տնօրենը:
Դպրոցն այսօր ունի տարբեր խնդիրներ ունեցող շուրջ 40 երեխա, ովքեր ներկայացնում են մարզի տարբեր համայնքները. նրանք նաեւ Վարդենիսի, Ճամբարակի հեռավոր գյուղերից եւ Երեւանից են, ովքեր գիշերում են դպրոցում: Նրանք օրական չորսանգամյա սնունդ, անվճար գրենական պիտույքներ են ստանում, ավտոմեքենան նրանցից շատերին առավոտյան գյուղերից դպրոց է բերում եւ երեկոյան նորից տուն հասցնում:
Երեխաների հետ դպրոցում աշխատում են հատուկ մանկավարժ, սոցմանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, ֆիզիոթերապեւտ, ուսուցիչներ, դաստիարակներ, դայակներ: 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական հսկողությամբ, դպրոցն համագործակցում է Գավառի պոլիկլինիկայի հետ, եւ այստեղ հերթափոխով բժիշկներ ու բուժքույրեր են աշխատում: Դպրոցի աշխատակիցները նաեւ վերապատրաստման կուրսեր են անցնում:

-Դպրոցի առաջընթացի մեջ անչափ մեծ է եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, եւ <<Նյու Յորքի բարեկամների խորհրդի>> ու Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) անգանհատելի դերը, շնորհակալ ենք, որ նրանք մեր կողքին են, -ասաց Լարիսա Զազյանը:
Հասմիկ Գրիգորյան

понедельник, 23 марта 2015 г.

ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱՆ ՄՇԱԿՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՙԾրագրերի իրականացման գրասնյակ՚-ի կողմից իրականացվող   ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության՚ ծրագիրը կյանքի է կոչվում նաեւ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում, որտեղ ինչպես ծրագրի, այնպես էլ համայնքի եւ տարբեր կազմակերպությունների միջոցներով զարկ է տրվում գյուղատնտեսության զարգացմանը: Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանըª գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ ձեռք է բերվել երկու ՙԲելառուս՚ տեսակի տրակտոր, երեք գութան, երեք խոտհավաք, երկու մամլիչ, մեկ հացահատիկային շարքացան, ութ հատ խոտհնձիչ մեքենա, որից երկուսը` տրակտորին ամրացվող, իսկ վեցը` ձեռքի, մեկ հողի փխրեցուցիչ` կուլտիվատոր, մեկ ՙՈւԱԶ՚ մակնիշի կիսաբեռնատար:    

-2015 թվականին համայնք կբերվի նաեւ մեկ փոքր չինական արտադրության տրակտոր եւ մեկ տրակտորի կցորդ: Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 120 միլիոն դրամ, որի 50 տոկոսը ներդրվել է ՙՀամաշխարհային բանկ՚-ի, 13 միլիոնը` ՀՀ կառավարության, մոտ 2 միլիոն 745 հազարը` համայնքի   բյուջեից, մնացածը` ՙՀեյսեր՚ կազմակերպության միջոցներից: Ծրագիրը գյուղում ավարտին կհասցվի միչեւ 2016 թվականը: Ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականների ընթացքում գյուղում ստեղծվել է   գյուղատնտեսական կոոպերատիվ, որը օգնում է գյուղացուն գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքներում: Ձեռք բերված գյուղտեխնիկայի շնորհիվ համայնքում զգալիորեն կավելանան մշակվող վարելահողերը՚,- նշեց համայնքի ղեկավարը:
Նույն ծրագրի շրջանակներում գյուղում կատարվել են նաեւ արոտների ջրարբիացման աշխատանքներ. ջրարբիացվել է ՙՍարի կողմ՚ կոչվող տարածքի 1.7   եւ ՙՄանիչար՚ տարածքի   1.5 հեկտար արոտները, ուր տեղադրվել են անասունների ջրվելու համար երեք խմոցներ:
Լանջաղբյուրում 2015-2016 թվականների ընթացքում նախատեսվում է ստեղծել նաեւ կաթի հավաքման եւ վերամշակման կետեր:
Հասմիկ Գրիգորյան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ ԵՆ 95.9 ՏՈԿՈՍՈՎ

2015 թվականի մարտի մեկի դրությամբ Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 95.59 տոկոս է, կամ պլանային 202 միլիոն 457 հազար 700 դրամի դիմաց հավաքագրվել է 194 միլիոն 211 հազար 400 դրամ:  Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը` ըստ տարածաշրջանների պատկերն հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 45.1, Գավառի տարածաշրջան 100, Ճամբարակի տարածաշրջան` 86, Մարտունու տարածաշրջան` 149.9 եւ Սեւանի տարածաշրջան` 82.4 տոկոս: Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները բարձր են հավաքագրել Վարդենիս քաղաքը` 109.3, Լուսակունքը` 125.6, Գեղամաբակը` 119.7, Տորֆավանը` 100.1, Ծովակը` 90.6, Գավառ քաղաքը` 95.7, Լճափը` 108.2, Կարմիրգյուղը` 113.6, Գանձակը` 124.6, Սարուխանը` 112.2, Լանջաղբյուրը` 115.6, Նորատուսը` 105.8, Թթուջուրը` 185.8, Դրախտիկը` 108.8, Շորժան` 177.3, Ծակքարը` 111.2, Արծվանիստը` 111.1, Զոլաքարը` 211.8, Աստղաձորը` 132, Վարդաձորը` 272.1, Ներքին Գետաշենը` 129.8, Վարդենիկը` 211.4, Երանոսըª 416.9,  Ձորագյուղը` 271.9, Լիճքը` 117.9, Նորաշենը եւ Գեղամաբակը` 160.8, Ծաղկունքը` 156.7, Լճաշենը` 166.3 տոկոս: Այս ցուցանիշներին զուգահեռª մարզում առկա են նաեւ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ. Տրետուք` 9.7, Սոթք` 6,  Արեգունի` 2.4, Դարանակ` 7.1, Շատջրեք` 0.1, Ազատ` 0, Ծափաթաղ` 18.7, Մաքենիս` 25.8, Ախպրաձոր` 23.7, Կուտական` 21.7, Բերդկունք` 5.7, Ծաղկաշեն` 51.2, Ծովազարդ` 58.4, Կալավան` 0, Արտանիշ` 34.3, գյուղ Մարտունի` 23.9, Վահան` 23.7, Ձորավանք` 38.2, Ծովինար` 62, Ծովասար` 66.7, Դդմաշեն` 32.7, Սեմյոնովկա` 35.9, Չկալովկա` 51.1, Վարսեր` 68.2 տոկոս:
Հասմիկ Գրիգորյան

суббота, 13 июля 2013 г.

ՆԱ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՆԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ

1988 թվականը բեկումնային եղավ շատ հայերի ճակատագրում: Իրենց բնակավայրերը, շեն ու բարետես տները, բարվոք կենցաղը թողած` Հայաստանի Վարդենիսի շրջանի լեռնային ու սահմանամերձ բնակավայրեր եկան Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքները: Նրանք էլ հենց մեր մարզում դրեցին ադրբեջանաբնակ երեք տասնյակից ավելի բնակավայրերի վերահայացման հիմքերը: Նրանց  ազգանվեր ու պատմական գործին միացան նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերի երիտասարդ ընտանիքներ` կազմավորելով նոր համայնքներ, նոր  պետական ու կրթական հաստատություններ: Եվ անցնող տարիների հետ ավելի տեսանելի դարձավ, ավելի արժեւորվեց այդ մարդկանց գործը, թափած ջանքն ու քրտինքը, մինչեւ որ կայացան համայնքերը, դպրոցները, թեկուզ առայժմ թույլ, բայց շնչող տնտեսություններն ու ենթակառուցվածքները: Ամեն դեպքում այդ մարդկանց շնորհիվ ոտքի կանգնեց ու դեպի պատմության խորքերն ընթացավ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, այդ մարդկանց շնորհիվ է այսօր Հայաստանի սահմանամերձ գոտին ապրում, շնչում, խոսում ու տրոփում հայկականությամբ: Նմաններից մեկն էլ   ծնունդով Գեղարքունիքի մարզի  Ակունք գյուղի բնակիչ Ռաֆայել Ավետիսյանն է, ով Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատում 1992 թվականից մինչ օրս: Նա գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Սակայն նա իր հետագա կյանքը կապել է ոչ միայն հայ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, այլ նաեւ սահամամերձ գյուղի ստեղծման, կայացման ու զարգացման գործին: Նա  երեք տարի միաժամանակ աշխատել է Սոթքի, Շատջրեքի եւ Շատվանի դպրոցներում, որից հետո տեղափոխվել է Կուտական, նշանակվել դպրոցի տնօրեն եւ ընտանյոք կյանքը կապել այս գյուղի հետ: Այս գյուղում են ծնվել ու հասակ առել նրա հինգ զավակները` 3 աղջիկ եւ 2 տղա: Մեծը 20 տարեկան է, իսկ փոքրը՝ 6: Երեքն ուսանող են, սովորում են Երեւանի մանկավարժական համալսարանում: Կինը՝ Աննան, նույնպես մանկավարժ է եւ աշխատում է ամուսնու հետ: 
-Ուզում եմ, որ երեխաներս հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնան եւ իրենց համեստ ներդրումն ունենան Հայաստան երկրի առաջընթացի գործում,- ասում է Ռաֆայել Ավետիսյանը,- միայն թե նրանք ու մյուս երիտասարդները ցանկություն հայտնեն կյանքը կապել այս գյուղի հետ, մարդացնեն ու շենացնեն մեր աշխարհը:  
Երիտասարդներին այսօր վանում են առկա խնդիրներն ու սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանները: Նրանց շահագրգռելու, գյուղի ու դպրոցի հետ կապելու համար անհրաժեշտ է  ստեղծել ժամանակակից կյանքի համար բավարար պայմաններ. միայն հայրենասիրական քարոզներով գյուղ պահել չի լինում:
Դպրոցի տնօրենը ցավով նշում է, որ բնակիչներն իրենց երեխաներին գյուղից հեռացնում են նաեւ դպրոցի վատ պայմանների համար: Այսպես, 1992 թվականին դպրոցն ունեցել է 129 երեխա, իսկ այսօր արդեն  ընդամենը 38 երեխա է այստեղ սովորում: Դասարանները կոմպլեկտավորված են: 2012-2013 ուսումնական տարում դպրոցը թվով 3 առաջին դասարանցի է ընդունել՝ փոխարենը տալով 4 շրջանավարտ, իսկ գալիք ուսումնական տարում այն կընդունի եւս 4 առաջին դասարանցիների: Բարեբախտաբար, բոլոր տարիքային խմբերին պատկանող աշակերտներ դեռ կան այս դպրոցում, իսկ դպրոցն էլ ապահովված է համապատասխան մանկավարժական կադրերով: Կան ուսուցիչներ, ովքեր ամեն օր հարեւան գյուղերից՝ Մեծ Մասրիկից, Ակունքից են գալիս եւ նորից վերադառնում իրենց գյուղ: Դպրոցում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, աշակերտները մասնակցում են մրցումների, օլիմպիադաների: 
Կուտականի միջնակարգ դպրոցի շրջանավարտներն այսօր աշխատում են դպրոցում, պետական եւ ոչ պետական տարբեր հիմնարկներում, նրանցից շատերը հայրենիքի պաշտպան զինվորներ են դարձել: Դպրոցը համագործակցում է Սոթքի զորամասի հետ, ավագ դասարանների աշակերտները մասնակցում են զորավարժությունների:
 Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղը չորս զոհ է տվել: Այդ ծանր տարիներին գյուղացիները ռազմաճակատին օգնում էին այն ամենով, ինչով կարողանում էին, չնայած որ իրենք ավելի շատ օգնության կարիք ունեին: Ռմբակոծությունների արդյունքում դպրոցի մեկ մասնաշենքը հիմնովին քանդվել է, իսկ մյուսի ապակիներն են ջարդվել ու ճաքճքվել: 
Կուտական գյուղն ունի 314 բնակիչ, սակայն այսօր էլ այստեղից հեռանում են ոչ միայն նախկին քաղաքաբնակները, այլ նաեւ նրանք, ովքեր վաղուց հարմարվել էին հողագործությանն ու անասնապահությանը: Բնակիչները հեռանում են գյուղից մի շարք դժվարությունների պատճառով: Կուտականն այսօր դեռեւս ունի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, խարխուլ բնակարանների ամրացման, փողոցների բարեկարգման խնդիրներ: Կիսաավեր են նաեւ գյուղի ակումբը, գրադարանը, բուժկետը: Սակայն  առավել անմխիթար վիճակում է գտնվում կիսախարխուլ դպրոցը, որի շենքը  կառուցվել է 1948 թվականին, կավի եւ հողի շաղախով, հատակն ու տանիքը փտած են, առաստաղից  հողը թափվում է ներքեւ,  պատուհանները միափեղկ են, դռները՝ կիսաջարդ, կահույքը՝ շատ հին: Դպրոցը երբեմն ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման, սակայն դա չի կարող փոխել այն տխուր պատկերը, որի մեջ են ամեն օր Կուտականի աշակերտներն ու մանկավարժները:
Կուտականի 2000 հեկտար վարելահողը, 3000 հեկտար խոտհարքը եւ արոտավայրերը գյուղատնտեսության զարգացման համար շատ նպաստավոր են, սակայն բազում են նաեւ այդ զարգացմանը խանգարող հանգամանքները: 
Թեեւ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ երեք տարի առաջ հիմնանորոգվեց Մեծ Մասրիկ-Տրետուք-Կուտական ավտոճանապարհը, որը հսկայական տնտեսական նշանակություն ձեռք բերեց Կուտականի եւ Տրետուքի համար, այդուհանդերձ, մարդիկ գերադասում են հեռանալ, ավելի հեշտ, ապահով ու բարեկեցիկ կյանք  փնտրել դրսերում: Ռաֆայել Ավետիսյանը հավելեց, որ շատ ընտանիքներ, օգտվելով փախստականի իրենց կարգավիճակից, վերջին տարիներին ապաստան են գտել եվրոպական մի շարք զարգացած երկրներում, այն դեպքում, երբ մեր հայրենիքին այնքան պետք են աշխատող ձեռքերը:
-Հողն այստեղ շատ բերրի է, ցանկության դեպքում կարելի է ստանալ բանջարաբոստանային կուլտուրաներից գրեթե բոլոր տեսակները: Հողագործությունը սիրում եմ, մշակում այն ամենը, ինչ-որ աճում է Կուտականի կլիմայական պայմաններում, զբաղվում եմ նաեւ անասնապահությամբ, խնամում եմ 11 գլուխ խոշոր եւ 40 գլուխ մանր եղջերավոր անասուն, որ կարողանամ ապահովել ընտանիքիս բարեկեցությունը,- ասում է անընդմեջ մտավոր եւ ֆիզիկական աշխատանքներում ծանրաբեռնված դպրոցի տնօրենը:
Եվ եթե այսօր դեռ ամուր ոտքերի վրա է մնում Կուտականը, ապա դա միայն լինում է Ռաֆայելի եւ նրա նմանների ջանքերով:
Կուտականի դպրոցի տնօրեն Ռաֆայել Ավետիսյանը
-Գյուղում քիչ չեն հողի ու բնության հետ կռիվ տվողները,- շարունակում է Ռաֆայելը,- բայց երբ խնդիրները չափից շատ են, արդեն կռիվ տալն էլ դժվար է դառնում. ցանք իրականացնելու համար սերմացուն դիզվառելիքը, պարարտանյութը մատչելի չեն գյուղացուն, իսկ ստացած բերքը՝  հացահատիկ, կարտոֆիլ, շատ էժան են` նույնիսկ ցանքի ծախսերը չեն հանում: 
Մեր ժողովրդի ձեռք բերած խաղաղության պահպանման, երկրի զարգացման ու առաջընթացի համար առաջին հերթին արժե սահմանամերձ գյուղերը զարգացնել, որպեսզի Կուտականին եւ նրա նման մի շարք գյուղերին չսպառնան դատարկվածությունն  ու լքվածությունը: 
Պատմական տեղեկությունների համաձայն`  Կուտականը հնում եղել է հայաբնակ, որի իրեղեն ապացույցը հայկական խաչքարերն են: Այն 1988 թվականին վերաբնակեցվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայերով: Գյուղը  Ադրբեջանի հետ ունի 17 կիլոմետր երկարությամբ սահման:
Այս դժվար ու անբարվոք կենցաղում, սակայն, դեռ ապրում են մարդիկ, ովքեր շարունակում են մտահոգվել իրենց գյուղի հոգսերով ու խնդիրներով, ովքեր շարունակում են արարել, կռիվ տալ դժվարությունների հետ ու նաեւ բազմանդամ ընտանիք ստեղծել: 
Այդպիսի նվիրյալներից է միջնակարգ դպրոցի տնօրեն Ռաֆայել Ավետիսյանը, ով  շարունակում է սրտացավ աշխատել բոլոր ճակատներում` կրթությունից ու դաստիարակությունից մինչեւ հողագործություն ու անասնապահություն, մինչեւ որ հայրենի պետության հայտարարած ՙՏարածքային համաչափ զարգացման հայեցակարգ-ծրագիրը՚ ողջ ծավալով մտնի Կուտական ու այստեղից ջնջի աղքատության, հոգսերի եւ դժվարությունների հետքերը, նոր կյանք, շունչ ու թափ հաղորդի Հայոց բանակի անմիջական թիկունքում գտնվող ռազմավարական նշանակության այս ու մյուս բնակավայրերին:
Հասմիկ Գրիգորյան

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԹԹՈՒՋՈՒՐՆ ԱՊՐՈՒՄ Է ՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՈՒ ՀՈԳՍԵՐՈՎ

Թթուջուր գյուղի արոտները զբաղեցնում են  1772, վարելահողերը` 649.64, խոտհարքները` 428.9 հեկտար տարածք: Գյուղում զարգացած է անասնապահությունը: Բնակչությունը զբաղվում է նաեւ  մեղվաբուծությամբ: Թթուջրի տնտեսություններում պահվում է 1100 գլուխ խոշոր, 750 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 90 մեղվաընտանիք:
Ինչպես նշում է համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը՝ սահմանամերձ գյուղի բնակչության թիվը 1100 է: Նրանցից 40-ը մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքի ու նորից վերադառնում հայրենի տուն, իսկ գյուղից ընտանիքներով արտագաղթողներ չկան:
համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը
Բնակչությունը հողագործությամբ համեմատաբար քիչ է զբաղվում, ինչը կապված է գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության եւ հողերի անջրդի վիճակի հետ:  Այս կապակցությամբ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՙԳյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ շրջանակներում ձեռնարկվել են երկու կարեւոր ծրագրեր. մեկն արոտների  ջրարբիացման, մյուսը` գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիրն է: Այս ծրագրերը ֆինանսավորվում են համաշխարհային բանկի կողմից` 120 միլիոն դրամի ներդրմամբ, իսկ համայնքապետարանը ներդնելու է 12 միլիոն դրամ: Ծրագրի առաջին մասով գյուղի արոտների ջրարբիացման խնդիրները կլուծվեն այս տարում, իսկ երկրորդ մասով` 2014 թվականից, ձեռք կբերվեն գյուղատնտեսական մեքենաներ:
 Թթուջուր գյուղում 2012 թվականին  կատարվել է մոտ մեկ հեկտար աշնանացան, իսկ  տեխնիկայի բացակայության պատճառով գարնանացան գարի 2013 թվականի գարնանն ընդհանրապես չի ցանվել: Ցանվել է միայն 10 հեկտար կարտոֆիլ: 
 Տեղական միջոցներից կատարվել են հատկացումներ, որի շնորհիվ 2012 թվականի դեկտեմբերի մեկից դպրոցականների համար տրամադրվել է ավտոբուս, որը աշակերտներին ժամանակին հասցնում է դպրոց: 
-Խնդիրը կայանում է նրանում, որ կան երեխաներ, ովքեր դպրոցից 1.5 կիլոմետր հեռավորության վրա են բնակվում, իսկ ցրտի, ձյան ու վատ եղանակների պատճառով նրանք շատ հաճախ էին ստիպված լինում բացակայել դասերից: Այսօր արդեն այդ խնդիրը լուծված է,- ասում է գյուղի նորընտիր համայնքապետը եւ շարունակելով նշում, որ առաջին դասարանցիների հովանավորությունը նույնպես իրենց խնդիրն է եւ այս ուղղությամբ եւս կատարվում են ներդրումներ: Փոքրիկներին հատկացվել են գրենական պիտույք, հեռուստացույց, DVD նվագարկիչ, ինչպես նաեւ դեպի Օշական ու Մեսրոպ Մաշտոցի գերեզման այցելելու համար հոգացվել են նրանց ճանապարհածախսերը: 
Թթուջուր գյուղով է անցնում հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որը ասֆալտապատվել է 2011-2012 թվականներին: Սակայն  գյուղամիջյան ճանապարհներն անձրեւաջրերի հետեւանքով հաճախ դառնում են աներթեւեկելի, ուստի   ամեն տարի տեղական միջոցներով կատարվում են փողոցների փոսալցման  եւ հարթեցման աշխատանքներ: Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է, սակայն գազի բարձր գնի պատճառով բնակիչները ձմռանը վառում են փայտ ու աթար: Գյուղի գերեզամանոցն ամբողջությամբ ցանկապատվել է գյուղապետ Վիգեն Սահակյանի միջոցներով` մինչեւ գյուղապետ ընտրվելը:
Համայնքապետարանի միջոցներից այս տարի նախատեսվել է կատարել 1 միլիոն 146 հազար դրամի սոցիալական հատկացումներ: 
Թթուջուր գյուղն ունի նաեւ մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը կապված է խմելու ջրի մատակարարման  հետ: 
-Եղած աղբյուրները, ջրագծերը քիչ են, անհրաժեշտ է դրանց թիվն ավելացնել, կատարել ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ,- ասում է համայնքապետը,- գյուղում կա 500 խորանարդ մետր տարողությամբ ջրհավաք ջրամբար, որը նույնպես անհրաժեշտ է վերանորոգել: Թթուջուր գյուղում ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն ամռան ամիսներին ջրի պակաս է զգացվում: Քիչ է նաեւ գյուղի ջրովի հողատարածքը: Սերմացուի եւ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով դաշտերը խոպան են մնում:
2014 թվականի անելիքներից են աղբահանության խնդրի լուծումն ու գյուղով հոսող Գետիկ գետի մաքրումն ու պատերի ամրացումը:
Թթուջուր գյուղում լուծված չէ նաեւ գիշերային լուսավորվածության խնդիրը: Առայժմ նախատեսվում է լուսավորել միայն գլխավոր ճանապարհը: 
Մշակույթի տունը վթարային վիճակում է գտնվում եւ ենթակա է քանդման ու հիմնովին վերակառուցման: Այստեղ որեւէ խմբակ կամ գրադարան չի գործում: Գյուղապետարանի շենքում գործում է միայն ՙՀայփոստի՚ մասնաշենքը: 
Նույն աղբյուրից տեղեկացանք նաեւ, որ գերմանական ՙDeutsche Gesellshaft fur Internationale Zusammenarbeit  (GIZ)՚ ծրագրով, գյուղապետարանի աշխատանքները էլեկտրոնային դարձնելու նպատակով հատկացվել է երկու նոր համակարգիչ, տպիչ: Համայնքապետարանն ապահովված է ինտերնետ կապով, ինչի շնորհիվ աշխատանքները էլ ավելի դյուրին են դարձել: 
Հիմնանորոգման կարիք ունի գյուղի միակ մանկապարտեզը: Այն գործել է մինչեւ 2013 թվականի մարտի 1-ը, սակայն, տեխնիկական վատ պայմաններից ելնելով, առայժմ չի գործում:
-Դիմել ենք համապատասխան մարմիններին, բարեգործական կազմակերպություններին եւ սպասում ենք դրական պատասխանի: Նպատակ կա մանկապարտեզում բացել երկու խումբ, որտեղ կհաճախի 40 երեխա, -ավելացնում է համայնքապետը:
Գյուղում այսօր վեր է հառնում մի նոր եկեղեցի, որի բարերարը Հայկ Բորյանն է: Եկեղեցու շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն 2014 թվականին:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Թթուջրի տեղական բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 100 տոկոսով: Այդ միջոցները գյուղապետարանին հնարավորություն կտան` ձեռնարկել սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման հստակ քայլեր:
Հասմիկ Գրիգորյան

ԳԵՏԻԿՈՒՄ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԸ

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղը բոլորում է իր հիմնադրման 90 տարին: Համայնքի ղեկավար Սարգիս Այունցը, համայնքի ավագանին եւ աշխատակազմը, համայնքի անդամներն ու օտար եզերքներում հաստատված գետիկցիները մի առանձին խանդավառությամբ են նախապատրաստվում Գետիկի հիմնադրման 90-րդ տարելիցի տոնակատարությանը: Զինվորական կյանքում  թրծված, հայրենի երկրի սահմանների պաշտպանության ողջ ընթացքում դիրքերում անսասան կանգնած Սարգիս Այունցն այսօր մաքառում է ոչ պակաս դժվարին ճակատում` Գետիկի ծաղկման ու զարգացման եւ գետիկցիների բարեկեցության ստեղծման պատասխանատու եւ պարտավորեցնող գործում: Սրանով նա եւս մեկ անգամ հավաստում ու հաստատում է, որ հայրենասիրությունը մարդը պիտի կրի եւ տանի իր հոգում, լինի ռազմադաշտում, թե խաղաղ ժամանակներում, որպեսզի արդարացնի իր նախնիների, մեր գոյապայքարի պատմության ընթացքում հերոսաբար ընկածների սպասելիքները, իղձերն ու երազները, տեր ու պաշտպան կանգնի հայրենի հողին ու երկրին:
Եվ այն սրտացավությունն ու նվիրումը, որ հարազատ երկրի ու գյուղի համար դրել է Այունց Սարգիսը, արդեն տվել են առաջին պտուղները, նշմարելի դարձրել հայրենաշեն գործերն ու ձեռնարկները: Իսկ, որ ամենակարեւորն է, նրա ջանքերը մարդկանց մեջ հույս ու հավատ են սերմանում հարազատ տան ու վաղվա օրվա հանդեպ: Նա, ի տարբերություն իր ժամանակի շատ մարդկանց, ապրում է բոլորովին այլ արժեհամակարգի ձգտումներով, շրջապատում սերմանում քաջություն, եռանդ, ստեղծագործական կամք ու կորով, աշխատասիրություն ու ազնվություն: 

Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը եւ Գեղամա աշխարհ թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը
Նա հպարտորեն նշում է Գետիկ գյուղի  հիմնադիր, իր ազգական, ծնունդով արծվաշենցի Հայկ Այունցի անունը, ով եղել է նախորդ դարի պայծառ ու ազնվագույն, մեծագործ հայերից մեկը: Սարգիսը մեզ համար բացահայտում է, որ Այունց Հայկը եղել է անցյալ դարասկզբի հայ երեւելի գրագետներից մեկը: Նա ուսանել է Ներսիսյան դպրոցում, ապա հայոց լեզու եւ գրականություն դասավանդել հայրենի Արծվաշենում, Ախալցխայում, Թիֆլիսում, Դիլիջանում, Երեւանում: 1905-1907 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել եւ ղեկավարել է Արծվաշենի ինքնապաշտպանությունը: Այդ նա է իր ձեռքով կազմել Գետիկ գյուղի հատակագիծը եւ 1924 թվականին նախաձեռնել մի խումբ արծվաշենցիների վերաբնակեցումը: Եվ անցնող իննսուն տարիների մեջ այսօր Հայաստանը, շնորհիվ Այունց Հայկի, ով ազգային գաղափարների ու նպատակների իրագործման  համար տխրահռչակ 1937 թվականին բռնադատվել ու գնդակահարվել է, իր արեւելյան սահմանին ունի մի գրավիչ գյուղ` 150 տնտեսությամբ եւ 484 բնակչությամբ: Սարգիս Այունցի որդի Սմբատը` հայկական բանակի մերօրյա մարտիկը, իր հորեղբոր հետ մի առանձին ջերմեռանդությամբ կազմել է իրենց ազգի տոհմածառը` մոռացումից փրկելով ոչ միայն իր նախնիների անունները, այլ նաեւ նրանց կատարած գործերն ու սխրանքները: 
Մեր այցի օրը Գետիկ Սարգիս Այունցի համար նշվում էր երկու կարեւոր իրադարձություն: Առաջին դեպքում Գետիկը Հայոց  բանակ էր ճանապարհում իր այս տարվա միակ նորակոչիկին` Սամվել Դալլաքյանին: Երկրորդ դեպքում Սարգիս Այունցի ընտանիքը նշում էր թոռան` Նիկոլայի ծննդյան չորրորդ տարին:
Համայնքի հոգսաշատ ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր Գետիկի համար գերխնդիր է դարձել մարդկանց հայրենի հողի վրա պահելը:
-Ժամանակ է եղել,- ասաց Սարգիս Այունցը,- որ Գետիկում բնակչության թիվը հասել է մինչեւ 800-ի, դպրոց հաճախել են մինչեւ 300 աշակերտ: Սակայն հիմա դպրոցում ունենք հազիվ 40 աշակերտ եւ գործող 83 տնտեսություն: Մարդիկ հիմա բարեկեցություն ավելի շատ փորձում են փնտրել դրսերում, իսկ մենք այն ձգտում ենք ստեղծել տեղում` փորձելով զարկ տալ գյուղատնտեսությանը, ագրոտուրիզմին, մանր արտադրություններին: Հեշտ գործ չէ դա, բայց մենք նահանջի կամ համակերպվելու տեղ ու ճանապարհ չունենք:
Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մեջ գյուղապետն առանձնացնում է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Մոտ 12 կիլոմետր երկարության եւ 5 լիտր վայրկյան հզորության ջրատարի արտաքին ցանցն այսօր հիմնանորոգման կարիք ունի, որի նորոգման եւ ջրահավաք ավազանների կառուցման համար հարկավոր է մոտ 150 միլիոն դրամ: Անցած տարի Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ եւ ՀՀ կառավարության կողմից հատկացված 19 միլիոն 300 հազար դրամ գումարով Գետիկում կառուցվել է 2 ջրահավաք ավազան եւ 500 մետր խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի արդյունքում խմելու ջրով ապահովվել են գյուղապետարանի շենքը եւ գյուղի մի քանի բնակարաններ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում Գետիկն այն բացառիկ գյուղական բնակավայրն է, որտեղ ժամանակին կառուցվել ու գործում է կոյուղի` իր մաքրման կայանով: Ու պատահական չէ, որ գյուղապետը Գետիկի համար ջրամատակարարումն ու ջրահեռացումը համարում է օրախնդիր հարց: 
Ժամանակին Գետիկն ունեցել է նաեւ ոռոգման համակարգ: Գետիկ գետի վրա կառուցված պոմպակայանի մղած ջրերով ոռոգվում էր 49 հեկտար վարելահող, սակայն  1990-ական թվականներին այդ կայանը մատնվեց անգործության, թալանվեց, եւ մինչ  օրս գետիկցին վարելահողերը ոռոգելու չնչին հնարավորություն իսկ չունի: Այլ կերպ էլ հնարավոր չէ այստեղ պատկերացնել հողագործության զարգացումը: Գյուղապետի տեղակալ Ժիրայր Դալլաքյանն իր հերթին կարոտով ու ցավով է հիշում ԽՍՀՄ ժամանակների Գետիկի զարգացած գյուղատնտեսությունը, արդյունավետ դաշտավարությունը, որից հիմա գրեթե ոչինչ չի մնացել. գետիկցին շատ դժվարությամբ է կապվում հողին, հողի մշակության մեջ չի տեսնում իր վաղվա օրը, եկամուտն ու շահագրգռվածությունը: Այս ոլորտում պետական աջակցությունից առավել կարեւոր են արտաքին աշխարհի հետ համագործակցության հաստատման ծրագրերը, գյուղմթերքների իրացման շուկաների որոնումներն ու բացահայտումները, որտեղ արդեն արվել են նշմարելի քայլեր:
   
Գետիկ գյուղում վերջին երկու տարիների ընթացքում շոշափելի քայլեր են ձեռնարկվել ագրոտուրիզմի սկզբնավորման եւ զարգացման ուղղությամբ: Ընդ որում, Գետիկ Գետի ավազանում, Միափորի եւ Արեգունու լեռնաշղթաների ստորոտի գողտրիկ անկյունում,  գտնվող գյուղը հասցրել է գրավել լեհական եւ իտալական կազմակերպությունների ուշադրությունը:
 Գետիկը լեհական կողմի համար բացահայտել է ՙՄիլենիում՚ կրթական հետազոտությունների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը: ՙՄիլենիումի՚ եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում 2011 թվականին Գետիկում իրականացվել է դրամաշնորհային ծրագիր, որին մասնակցել են գետիկցի 11 շահառու ընտանիքներ: Ագրոտուրիզմի զարգացման նպատակով դրամաշնորհային մրցույթին մասնակցած ընտանիքներին գումար է հատկացվել` իրենց բնակարանները տուրիզմի սպասարկման պահանջներին համապատասխան հիմնանորոգելու եւ կենցաղային պայմանները բարելավելու համար: Նույն ծրագրի շրջանակներում Գետիկի մասին հրատարակվել է ճանաչողական գրքույկ` հայերեն եւ անգլերեն լեզուներով, եւ պատրաստվել է գյուղի գովազդային վահանակը: 2012 եւ 2013 թվականների ընթացքում Գետիկում ՙՄիլենիումի՚ կողմից շահառու ընտանիքների համար կազմակերպվել են ագրոտուրիզմի սպասարկան խնդիրներին նվիրված սեմինար դասընթացներ: ՙՄիլենիում՚ կրթական հետազոտությունների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի հավաստմամբ` Գետիկն արդեն հասցրել է տուրիստներ ընդունել Լեհաստանից, Հունգարիայից, Հայաստանի այլ բնակավայրերից: 
-Գյուղի անսպառ գրավչությունները` բնական անտառները, ծաղիկներով ու դեղաբույսերով հարուստ սարալանջերը, աղբյուրները, Գետիկ գետը, որսորդության ու ձկնորսության հնարավորությունները, պատմաճարտարապետական հուշարձանները կարող են տուրիստների բազմաքանակ խմբեր բերել աշխարհի տարբեր անկյուններից, ինչի համար կարեւոր է երկու գործոն. գովազդային նյութերի տարածում ամենատարբեր լեզուներով եւ տուրիզմի սպասարկման բավարար պայմանների ապահովում: Երկու դեպքում էլ մենք արձանագրել ենք հաջողություններ, եւ այս գործում անսահման է եղել Գետիկի գյուղապետարանի աջակցությունը, գյուղապետի թափած ջանքերը՝ առավել եւս,- ՙԳեղամա աշխարհ՚-ի հետ զրույցում նշեց ՙՄիլենիումի՚ գործադիր տնօրեն Ջինա Մանուկյանը:
զբոսաշրջիկները Գետիկում
Իսկ գյուղապետ Սարգիս Այունցը հավաստեց, որ Գետիկը գյուղատնտեսության եւ ագրոտուրիզմի զարգացման ոլորտներում 2011 թվականի վերջերից համագործակցություն է սկսել իտալական ՙՍլոու ֆուդ՚ կազմակերպության հետ: Գետիկում արտադրված այծի պանիրը Իտալիայում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-մրցույթում 200 մասնակից երկրների մեջ արժանացել է  հատուկ մրցանակի: Իտալական կողմի հրավերով Բրա քաղաք է այցելել Գետիկի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարգիս Այունցը:  Մոտակա ժամանակներում սպասվում է Իտալիայի Միլան եւ Բրա քաղաքների պատվիրակությունների եւ տուրիստների այցը Գետիկ:
Սարգիս Այունցը լիահույս է  նաեւ, որ  իտալացիների հետ համագործակցության  արդյունքում ոչ միայն կզարգանա ագրոտուրիզմը, այլ նաեւ գետիկցիների համար կդյուրանա կաթի վերամշակումը, իրացումը, նոր վերելք կապրի անասնապահությունը, մասնավորապես` այծաբուծությունը:
  Գետիկ գյուղի եւ ՙՀայ  միասնության խաչ՚ հասարակական կազմակերպության  համագործակցությունն ունի շուրջ մեկ տարվա պատմություն: ՙՀայ  միասնության խաչ՚ կազմակերպությունը  Հայկական Կարիտասի ֆինանսավորմամբ Գետիկ գյուղում ստեղծել է փոքրիկ արհեստանոց, որտեղ տաս կին արդեն զբաղված են  գորգագործությամբ, կարպետագործությամբ  եւ մանածագործությամբ:  Համագործակցությունը չի սահմանափակվում միայն սոցիալական ոլորտում, քանի որ ՙՀայ  միասնության խաչի՚ կողմից գյուղում իրականացվում են նաեւ կրթամշակութային ծրագրեր, որի շրջանակներում  այստեղ բացվել եւ գործում է մանկական թատերախումբ: 
Սարգիս Այունցն առանձնահատուկ շեշտում է ՙԴիագոնիա՚ կազմակերպության ցուցաբերած եւ առայժմ չընդմիջվող  նյութական ու բարոյական աջակցությունը գետիկցիների կյանքում: Այս կազմակերպությունը 12 տարի շարունակ նյութական աջակցություն է ցուցաբերում Գետիկի սոցիալապես անապահով ընտանիքներին, փոխանցում է բուհերում սովորողների ուսման վարձը, անհատույց անասուններ ու թռչուններ է հատկացնում աղքատ ընտանիքներին, պայմանով, որ նրանք էլ իրենց հերթին բազմացրած անասուններից անհատույց նվիրեն մյուս աղքատ ընտանիքներին, հովանավորել է մանկապարտեզի գործունեությունը, գյուղի համար կոմբայնի ձեռքբերումը, դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգումը, դպրոցին հատկացրել է 4 համակարգիչ: Ի նշան երախտագիտության` Գետիկի ավագանին արդեն որոշել է` Պատվավոր գետիկցու կոչում շնորհել ՙԴիագոնիա՚ կազմակերպության նախագահ Պարույր Ջամբազյանին:
Աշխատանքային հանդիպումից հետո Սարգիս Այունցը մեզ հրավիրեց Գետիկի արարողությունների սրահ, որտեղ գյուղովի մասնակցում էին համայնքի միակ նորակոչիկ Սամվել Դալլաքյանի բանակ մեկնելու տոնախմբությանը: Երգ ու պարի, բաժակաճառերի թեւավորող խոսքերի ներքո մի ուրիշ ոգեւորություն էին ապրում նորակոչիկը, նրա ծնողները, հարազատները, գյուղի մարդիկ: Մենք մերժել չկարողացանք նաեւ գյուղապետի երկրորդ հրավերը` մասնակցելու իր թոռան ծննդյան տոնի արարողությանը:
Սարգիս Այունցի ընտանիքում ամեն ինչ հիացնող էր, գրավող, օրինակելի: Սարգիսը սրբորեն իր տան մի անկյունում պահում է  հանրահռչակ դարբին ու արհեստավոր հոր արհեստանոցը, նրա գործիքներն ու կերտած իրերը, նշանավոր ազգակիցների մասին գրավոր նյութերը, արժեքավոր գրականություն ու արվեստի գործեր, որոնք շնչում են անսպառ հայկականությամբ: Նա ստեղծել ու սրբորեն պահպանում է  նահապետակ
ան իր ընտանիքը, սիրո ջերմության մեջ դաստիարակում իր զավակներին ու թոռներին, օրնիբուն ապրում ստեղծարար աշխատանքի ու հայրենանվեր ձեռնարկների մեջ: Նրա ձեռնարկները սկսել են խրախուսել անգամ օտար ափերում հաստատված գետիկցիներին: Եվ այն նվերը, որ գյուղի համար նախապատրաստում է գետիկցի բարերար Ռոբերտ Ղուլյանը եկեղեցու կառուցմամբ, կարելի է համարել շարունակությունն այն հայրենաշեն գործերի, որ սկսել է Այունց Սարգիսը: Եվ նորօրյա Գետիկը, վաղվա բարետես Գետիկը նախեւառաջ գծագրվում են Սարգիս Այունցի ստեղծարար հոգում, նոր միայն դառնում կյանք ու իրականություն:
Խոսրով Խլղաթյան









пятница, 21 июня 2013 г.

Ցուցատախտակները գյուղական համայնքներում թերեւս ամենապահանջվածն են


Ծովագյուղի գյուղապետարան



Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում նոր ծնված երեխաների ընտանիքներին մոտ 3 տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաեւ համայնքապետարանը: Այս տարի եւս ավագանու N 4 որոշումը` 9 կողմ ձայնով, ուժի մեջ է մտել հունվարի 9-ից, համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հաստատմամբ: Ըստ վերոնշյալ օրենքի` ընտանիքներին հատկացվող գումարի չափը կազմում է 50.000 դրամ: Ծովագյուղի համայնքապետարանից տեղեկացրին, որ նորածին ունեցող 26 ընտանիքի արդեն տրվել են նախատեսված 50.000-ական դրամները:

«Ես չգիտեի, բայց շատ լավ է, որ գյուղապետարանն էլ ա գումար հատկացնում»,-ասաց բնակիչներից մեկը, ով անմիջապես զանգահարեց թոռնուհուն` ճշտելու, թե գիտե՞ն, որ բացի պետական աջակցությունից, գյուղապետարանն էլ է գումար հատկացնում նորածինների ընտանիքներին: Պարզվեց, որ թոռնուհու ամուսինը համայնքապետարանում է տեղեկացել սույն որոշմանը: Համայնքի մի քանի բնակիչներ նույնպես նշեցին, որ համայնքապետարանում են տեղեկացել որոշման մասին:

Պաշտոնավարման լիազորություններն ստանձնելուց հետո Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը ավագանու 11 որոշում է հաստատել, որից 1-ը` արտահերթ եւ 16 որոշում է ընդունել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը հայտնեց, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների մասին բնակիչներին իրազեկում են ցուցատախտակների միջոցով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63 եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածների համաձայն` ցուցատախտակները տեղադրվում են ելնելով համայնքի բնակչության թվից` երկու հազար բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Ծովագյուղը 4300 բնակիչ ունեցող համայնք է եւ Խաչիկ Մկրտչյանի խոսքերով` ցուցատախտակները փակցնում են գյուղի 3 հատվածներում` համայնքապետարանի շենքում, գյուղի կենտրոնական հատվածում եւ «Հայփոստ»-ի Ծովագյուղի մասնաճյուղի պատին:

 Ցուցատախտակները գյուղական համայնքներում թերեւս ամենապահանջված միջոցն են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին իրազեկելու, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկման անհրաժեշտությունն օր-օրի զգալի է դառնում: Գեղարքունիքի մարզի 43 համայնք, այդ թվում նաեւ Ծովագյուղը, ապահովված է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով: Տարածքային կառավարման նախարարությունը Ծովագյուղ համայնքին համակարգը տրամադրել է հունվար-փետրվար ամիսներին: Համայնքապետարանի աշխատակիցների խոսքերով` աշխատակազմից 3 հոգի վերապատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հ/կ-ում` կայքը շահագործելու համար: Սակայն ինտրանետ համակարգում http://46.130.54.116/Pages/Home/Default.aspx հասցեով գործող կայքում մինչ օրս բացի մի քանի նորություններից այլ բան հրապարակված չէ:

Ինչո՞ւ համայնքապետարանը քայլեր չի ձեռնարկում կայքը գործարկելու, բարելավելու ուղղությամբ մեր հարցին, աշխատակիցները նշեցին, որ զբաղվածությունը թույլ չի տալիս: «Կամաց-կամաց կգցենք հունի մեջ, բնակչության ռեգիստրն էլ կտեղադրենք կայքում»,- նշեցին նրանք:

Արփինե Մինասյան








Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More