ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ՝ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 Մեվլան Զադե Րիֆաթը թուրք մտավորականության այն բացառիկ ներկայացուցիչներից է, ով ժամանակին վկայել է Հայոց Ցեղասպանության մասին իր ՙՕսմանյան հեղափոխության մութ ծալքերը եւ Իթթիատի հայաջինջ ծրագիրները՚ գրքում: Այս գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1929 թվականին, թուրքրերեն լեզվով եւ մի քանի անգամ տպագրվել է հայերեն: Հայաստանում այն ընթերցողին առաջին անգամ հասել է 1990 թվականին: Այս գիրքը մեկն է այն փաստական աղբյուրներից, որոնք ապացուցում են Հայոց Ցեղասպանության կազմակերպված եւ նախօրոք մշակված ընթացքը իր ողջ դաժանությամբ ու հրեշավորությամբ:
 Հեղինակն անդրադարձ է կատարել Օսմանյան Թուրքիայի 1914-1923 թվականների պատմությանը, որտեղ քաջություն է ունեցել նկարագրելու նաեւ հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճրագործությունը հենց այդ թվականների ընթացքում: Մեվլան Զադե Րիֆաթը գաղտնազերծել է երիտթուրքերի այն նիստերը, որտեղ նախօրոք ծրագրվել է հայերի զանգվածային տեղահանությունը եւ ջարդերը, անգամ՝ դրանց գործադրման եղանակները: Մասնավորապես ուշադրության է արժանի Երիտթուրքական կուսակցության երեքներու գործադիր կոմիտեի նիստը, որը հրավիրվել է Ցեղասպանության գործադրումից քիչ առաջ: Այդ կոմիտեի մեջ մտնող Բեհաեդդին Շաքիրի, Շյուքրիի եւ Նազըմիի արտահայտած մտքերը դարձել են այն գլխավոր ու հրեշավոր ծրագրի նախագիծը, որը եւ շատ շուտով դարձել է անողոք իրականություն: Այս երեք ճիվաղները, խելք խելքի տալով, որոշում են գտնել այն բիրտ եւ գործադրող ուժը, որը եւ պետք է իրականացներ մարդկության պատմության մեջ նմանը չունեցող, իր ընդգրկումներով անչափելի ոճրագործությունը: Նրանք շատ լավ հասկացել են, որ բանակը եւ ժողովուրդը չեն կարող լիարժեքորեն ծառայել այդ գործին, ուստի եւ մտածել են գործադրել իրենց որոնած ու հայտնաբերած միջոցները: Որպես գործադրվող բիրտ ուժ՝ նրանք հարմար են գտել հավաքել հանցագործների եւ մարդասպանների մի բանակ: Նրանք հավատացած են, որ շատ արագ, մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի հավաքել Թուրքիայում մինչեւ 12 հազար ընտրյալ մարդասպաններ, որոնք եւ չեթեների խմբերի հետ պետք է իրականացնեն այդ գազանաբարո գործողությունները:

 Բեհաեդդին Շաքիր- Ես կկարծեմ, որ մեզի հարմար մարդիկը գտած եմ բանտերու մեջ: Ասոնք իրենց գործած ոճրագործության, մարդասպանության հետեւանքով զինվորական պատիվը չարատավորելու համար զինվորական ծառայութենեն զերծ կացուցած մարդիկ են: եթե ասոնք արձակել տալով մեզի ենթարկենք եւ խումբերու բաժնենք, կկարծեմ, որ շատ լավ մասնավոր կազմակերպություն մը ստեղծած կըլլանք:
 Դոկտոր Նազըմ- Դուք խնդիրը լուծած եւ գործադրութեան միջոցներն  ալ լավ պատրաստած եք, կշնորհավորեմ Ձեզ, Բեհաեդդին:
 Շյուքրի- Իրապես լավ գաղափար մը հղացած եւ գործադրության կարելիությունը խորհած եք, հիմա կհավատամ, որ մեկ-երկու ամսվան մեջ հայերը ամբողջությամբ կրնանք բնաջնջել:
 Դոքտոր Նազըմ- Շատ լավ, այդ ձեւը ընդունեցի, հիմա գործադրության ծրագիրը պատրաստենք:
 Բեհաեդդին Շաքիր- Շատ պարզ է այս: Այդ մասին ներքին նախարարին հետ կորոշենք եւ յուրաքանչյուր շրջանակին մեջ պետք եղածին չափ այս ուժերեն կը ղրկենք: Ասոնք մեր նշանակելիք ճամբաներուն հարմար վայրերուն վրա հասնելիք հայ կարավաններուն կըսպասեն: Ներքին նախարար Թալեաթն ալ այդ քաղաքներուն վարչական պաշտոնեաներուն կը հրահանգե, որ հոն գտնվող բոլոր հայերուն խումբ-խումբ եւ յուրաքանչյուր երկու օրը անգամ մը ոստիկան զինվորների հսկողության տակ այս ինչ ճամբեն այն ինչ տեղը ղրկվին:
 Ոստիկանները ՙմասնավոր կազմակերպության՚ չեթեներուն կեցած վայրը հասնելուն՝ խումբերը անոնց կհանձնեն ու կվերադառնան: Չեթեներն ալ այս հայերուն մինչեւ վերջին անհատը անմիջապես կսպաննեն, եւ որպեսզի հանրային առողջությունը չվնասվի, դիակները նախապես պատրաստված փոսերուն մեջ կձգեն ու կթաղեն: Այս կերպով հաջորդաբար բնաջնջման գործողությունը կլրացնեն: Այս հայերուն քով գտնվող գույք, դրամ եւ գոհարեղեններն ալ իբրեւ ավար չեթեներուն կբաժանվի: Մենք ասոնցմե բան մը առնող չենք, եւ եթե կիներ ու աղջիկներ ալ լլկելու ըլլան, ատոր ալ պետք է հանդուրժենք:
 Նազընմ-Այս կարգի մարդոց հոգեբանության որչափո՛վ տեղյակ եք Բեհա, ես ձեզի դոկտոր չէ, այլ այս վայրկյանիս արյունռուշտ խմբապետ մը կկարծեմ, որչափ լավ կխորհիք:
 Միաժամանակ առաջարկվում է մեկ այլ հրեշավոր գաղափար, համաձայն որի փրկվում են այն հայ ընտանիքները, ովքեր ընդունում են իսլամը: Սրանով հրեշները հաշվարկում են, որ կխորացնեն հայ եւ թուրք ժողովուրդների թշնամությունը եւ չեթեների ու հանցագործների բազմությանը կմիացնեն իսլամական մոլեռանդ ամբոխը: Ահա այս ծրագիրը ներկայացվում է Իթթիհաթ կուսակցության վարչության քննարկմանը, որը եւ հաստատվում ու դրվում է գործողության մեջ: Հիմա ավարտական խոսքը հանձնում ենք գրքի հեղինակին:
 ՙԳավառներուն քաղաքային պաշտոնյաները Կենտրոնից ստացված այս կտրուկ հրահանգի վրա փարած էին:
  Կարգ մը կուսակալներ, կառավարիչներ եւ տեղակալներ, իրենց պետական պաշտոնյայի պարտականության գիտակ տրված հրամանը մեղմիվ եւ հեռատեսությամբ կը գործադրեին, ոմանք ալ, Աստված հեռու ընե, կուսակցականությունը կառավարությունից նախընտրելով, մէյ մեկ դժոխային սատանաներ դարձած էին:
 Ամեն կողմ, առանց խնայելու մեծ ու փոքր, ծեր եւ անկարող հայերը կը հավաքեին, ասոնցմե Իսլամությունը ընդունողները առժամյա կերպով ազատ կձգեին, մնացածները ոստիկան-զինվորների հսկողության տակ որոշված ճամբաներեն խումբ-խումբ կտարագրեին:
 Եռյակ գործադիր կոմիտեին ենթակա մասնավոր կազմակերպության չեթեները դիակների սպասող ագռավների նման որոշված վայրերու մեջ հայերու խումբերուն հասնելուն կը սպասեին:
 Ճամբու նեղություններեն հոգնած, հոգեպես բարոյալքված, ծնած ու սնած տունեն ու տեղեն բաժնվելու վիշտեն ընկճված՝ այս խղճալի խումբերը չեթեներու գտնված վայրը հասնելուն, ոստիկան-զինվորները իրենց ստացած հրահանգի համաձայն, անոնց հանձնելով կը վերադառնային:        
  Բառին բուն նշանակությամբ խղճալի եւ ողբալի, նույնիսկ քարսիրտ վայրենիներու անգամ գութը եւ կարեկցությունը շարժող թշվառ վիճակի մեջ, իրենց զավակներով սպանդանոց առաջնորդվող ոչխարի սուրուի հոտերու նման տարագրվող այս մարդկային խումբերը ՙմասնավոր կազմակերպություն՚ անունով հրեշների ձեռքը իյնալով, երեւակայությունե ու նկարագրությունե վեր խժդժություններու եւ տանջանքներու կը ենթարկվեին:
 ՙՄասնավոր կազմակերպության՚ այս կատղած դահիճները, իրենց տուներեն, տեղերեն երջանիկ բույներեն բռնությամբ դուրս հանված, միայն հայ ըլլալնուն համար տարագրված այս մարդիկը իբր սովորական գործ սպաննելով՝ զոհերուն գույքերը հափշտակելով, իրենց սրտին մեջ ամբարված վայրագությունը եւ քինախնդրությունը չէին կրնար հագեցնել:
 Այս ոճրագործներու ոհմակին ի գործ դրած ոճիրներուն եւ վայրագություններուն ձեւը նկարագրած ժամանակ գրիչը կը դողա եւ կը խպնի:
 Տակավին ծծկեր, աշխարհին անտեղյակ, գութի եւ սիրո կարոտ, մոր գրկին մեջ քնացող եւ կամ հրեշտակային ժպիտներով ու նայվածքով հոգին հրճվեցնող ձագուկ մը, մոր գրկեն խլելով կացինի հարվածով մը, աչքերեն արցունքի տեղ արյուն հոսեցնող մոր աչքի առջեւ անճիտել եւ այս վայրագությունը խնդուքներով ծափահարել եւ մյուս կողմե մահվան սպասող ուրիշ տարագիրներ ալ ծափահարելու ստիպել...  հիմարացնող այս վայրագություններն ու քստմնելի ոճիրները նկարագրելու ժամանակ ինչպե՞ս կարելի է, որ գրիչր չդողա...:
 Տակավին յոթ-ութ տարեկան աղջնակներ ծեծի տակ լլկելե չխպնող, վախի, սարսափի եւ դողի մատնված այդ խեղճերուն վրա իրենց անասնական կիրքը գոհացնող այդ հրեշներուն ոճիրները նկարագրելու ժամանակ, ինչպե՛ս գրիչը չդողա...  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More