ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 14 марта 2012 г.

ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է



Գավառի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է  1977թ. հուլիսից` գործելով որպես մանկական գեղարվեստի դպրոց: 2006 թվականից կառույցը դարձել է համայնքային ոչ առեւտրական կազմակերպություն եւ անցել Գավառի քաղաքապետարանի ենթակայության տակ: 
 Դպրոցն այսօր ունի 43 աշակերտ` 5 դասարանով: Դպրոցում սովորում են տարբեր տարիքային խմբի սաներ: Այս տարվա ամենաավագ սանը 17 տարեկան է, եւ, ինչպես նշում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Սանոսյանը, դպրոցում սովորում են նաեւ ուսանողներ եւ ավելի բարձր տարիքի արվեստասերներ:  Գեղարվեստի դպրոցն այս տարի ունի երկու առաջին դասարան` 15 աշակերտով: 
Գեղարվեստի դպրոցում դասավանդվում է գծանկար, գունանկար, ստեղծագործություն/ կոմպոզիցիա/, կիրառական արվեստ /գորգագործություն, թաղիքագործություն, կարպետ, գոբելեն/,  արվեստի պատմություն,  նաեւ, ըստ աշակերտների ցանկության եւ նախասիրության, տրվում են լրացուցիչ գիտելիքներ եւ պարապմունքներ:
Ըստ Գ. Սանոսյանի` նախատեսվում է գալիք ուսումնական տարում բացել կիրառական արվեստի դասարան, որտեղ հնարավոր է կազմակերպել խեցեգործության դասեր, եթե հնարավոր լինի` խեցի մշակելու վառարան ձեռք բերել: Այս պահին դպրոցն ունի մեկ կիրառական արվեստանոց, իսկ մնացած դասասենյակները արվեստանոցներ են, ուր պարապում են գունանկար, գծանկար,ստեղծագործություն եւ արվեստի պատմություն:
Գավառի գեղարվեստի դպրոցում կրթությունը վճարովի է. ամսական վարձը կազմում է 1200 դրամ: 
-Ունենք քույր ու եղբայր սաներ, ովքեր ապրում են Գեղարքունիք գյուղում եւ ամեն պարապմունքին ամսվա վարձի չափ ուղեվարձ են տալիս եւ գալիս սովորելու,- նշեց տնօրենը:
Աշակերտների ներկերն ու վրձինները, անհրաժեշտ ուսուցողական պարագաները ձեռք են բերվում ծնողների ֆինանսական միջոցներով:
Դպրոցի 4 աշխատողների աշխատավարձերն  ու մնացած ծախսերը հոգում է Գավառի քաղաքապետարանը:
Դպրոցի գույքը վերջերս համալրվել է  Վիվասել ՄՏՍ ընկերության նվիրած մոլբերտներով եւ նկարչական աթոռակներով: 
Դպրոցի հիմնախնդիրներից ամենաշոշափելին եւ ակնառուն գեղարվեստի դպրոցի շենքային պայմաններն են, կաթացող տանիքը, ճաքած պատերը, անհրաժեշտ շենքային պայմանների բացակայությունը: Դպրոցի դասարանները ջեռուցվում են փայտի վառարաններով, որոնք քամոտ եղանակին հաճախ են ծխով լցնում  արվեստանոցները:
Դպրոցն այս օրերին պատրաստվում է մայրության եւ գեղեցկության  ու Սուրբ Հարության տոներին նվիրված ցուցադրության, որտեղ ցուցադրվող աշխատանքների թեմաները կընդգրկեն երկու տոների խորհուրդները` համադրվելով ու զուգորդվելով իրար:
Հաղթահարելով բազմաթիվ խնդիրներ` դպրոցը շարունակում է մշակույթ կերտել: Դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունի քաղաքային, մարզային եւ հանրապետական ցուցահանդեսներում:
Երբ հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, Գայանե Սանոսյանը մեզ տեղեկացրեց, որ Գավառի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել վերանորոգելու դպրոցի տանիքը: 
Գայանե Սանոսյանը իր շնորհակալությունն է հայտնում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին` դպրոցի հիմնախնդիրը լուծման փուլ մտցնելու եւ մնացած բոլոր հարցերում   աջակցություն ցուցաբերելու համար:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More