ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ԱՐԴԱՐԱՄԻՏ ԽԻԶԱԽՆԵՐԻՆ ՆԱԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՕԳՆՈՒՄ


Ազատագրված հայրենիքի համար այսօր մենք պարտական ենք հազարավոր այն երիտասարդներին, ովքեր անձնուրաց նետվեցին պատերազմի դաշտ եւ արյան գնով նվաճեցին հաղթանակը: Նրանցից շատերը չվերադարձան, իսկ մյուսներն էլ մնացին, ապրեցին՝ սերունդներին պատմելու, նրանց հայրենասիրությամբ զինելու, հայեցի կրթելու եւ հող հայրենին շենացնելու համար: Այդ երիտասարդներից մեկն էլ Գեղարքունքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ Արմեն  Խոջաբեկյանն է, ով պատերազմի բովով անցած` այսօր  Խաչաղբյուրում կրթում ու դաստիարակում է մեր մատաղ սերնդին: 
Արմեն Խոջաբեկյանի պապերը գաղթել են Արեւմտյան Հայաստանի Բասեն գավառի Յուզվերան գյուղից: Ցեղասպանությունից վերապրած սերնդի արթնացած հիշողությունն էր ավելի շատ Արմենին ու իր նման ճակատագիր ունեցող այրերին մղեց դեպի հերոսություն, դեպի Արցախի փրկության ծանրագույն կռիվների օրեր, դեպի մահապարտություն:
Արմենը ծնվել է 1965 թվականին, Խաչաղբյուր գյուղում: 1983-1985 թվականներին ծառայության է անցել խորհրդային բանակում որպես մոտոհրաձիգ /BMP կրակող/: 
Add caption
1988 թվականի Ղարաբաղյան շարժման օրերին նա ուսանող էր. սովորում էր Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավունքի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Արմենն այն հեռատես հայ երիտասարդներից էր, որ զենքի ու զինվելու, այլ ոչ թե միտինգ ու գործադուլ անելու մեջ էր գտնում Արցախի եւ սահմանամերձ շրջանների հայության փրկությունը: Եվ շատ շուտով նա անդամագրվեց Հայոց Ազգային Բանակին, որի հրամանատարը Ռազմիկ  Վասիլյանն էր: Իսկ երբ լուծարվեց ՀԱԲ-ը 1990 թվականի օգոստոսին, մի խումբ հայրենասեր ընկերների հետ Արմենը որոշեց  ստեղծել իրենց ջոկատը: Այս հարցում նրանց ոգեւորում, աջակցում էր Վարդենիսի տարածքի զինվորական պարետ Գ. Գաբրիելյանը: 1992 թվականի ամռանը Հենրիկ Մուրադյանի, Արմեն Խոջաբեկյանի, Արմեն Բաբայանի, Խաչ Արթուրի եւ Օնիկ Գրիգորյանի նախաձեռնությաբ ստեղծվում է Նորաբակի ուղեկալը, որի մեջ մտնում են հայրենիքի ազատությամբ ոգեւորված 40-50 կամավոր: Այս ուղեկալը Սոթքի եւ Կութի ուղեկալների հետ ստանձնում է  Ադրբեջանի  հետ Վարդենիսի սահմանային գծի պաշտպանությունը: Դրանք այն ճակատագրական օրերն էին, երբ թշնամին ամեն րոպե փորձ էր անում ներխուժել նաեւ մեր սահմաններից ներս, տիրանալ Սեւանի ավազանին, զենքի տարբեր տեսակներից գնդակոծում էր Վարդենիսի բնակավայրերը: Սակայն մեր հողի կամավոր ու հայրենասեր պաշտպանները ոչ մի թիզ հող, ոչ մի դիրք չզիջեցին մահացու թշնամուն: Իսկ Նորաբակի ուղեկալի դերը անգնահատելի  դարձավ հատկապես Քարվաճառի ազատագրման ժամանակ: Քարվաճառի ազատագրման եւ թշնամու մահացու կրակակետերը լռեցնելու գործողությունները ծավալվեցին 1993 թվականի մարտի վերջերին: Թեժ մարտերը հիմնականում ծավալվեցին Քարվաճառի մատույցներում, Հարյուրի ձոր կոչվող տարածքում, որտեղ տեղակայված էին հակառակորդի հիմնական ուժերը: Քարվաճառ մտնող առաջին խմբերի մեջ էր նաեւ հայրենի հողի ազատագրմանը զինվորագրված Արմենը:  Ականատեսն ու պատերազմի անմիջական մասնակիցը  հիշում է, որ շրջապատման մեջ հայտնված ադրբեջանցի խաղաղ բնակչությանը հնարավորություն է տրվել՝  բացված միջանցքով դուրս գալ: Ապրիլմեկյան մարտերից հետո հայոց մարտիկները մտնում են քաղաք: Թշնամու դիմադրությունը վերջնականապես կոտրվում է եւ ապրիլի 17-ին շրջանն  ամբողջովին ազատագրվում է թշնամուց: Քարվաճառի ազատագրական մարտերում իրենց արիությամբ աչքի են ընկնում Նորաբակի ուղեկալի անդամներ խաչաղբյուրցի Արթուր Վարդանյանը, Արայիկ Ղազարյանը, Ղարաբաղի Չափառ գյուղից՝ Օնիկ Գրիգորյանը, մեծմասրիկցիներ Սմբատ Մանուկյանը, Արմեն Բաբայանը,  Գրիգորը, ակունքցի Կուկուն, ով այսօր էլ Քարվաճառում գումարտակի հրամանատար է,  Բուլին, Սասունը եւ խաչաղբյուրցի կին ազատամարտիկ Կարինե Գեւորգյանը: Ուղեկալի տղաներից շատերը վիրավորվեցին: Բարեբախտաբար, ուղեկալի մարտիկները զոհեր չտվեցին: Ազատագրված Քարվաճառը նորովի տպավորվեց հայ մարտիկների հոգիներում՝ որպես հայ մշակույթի հետքերը կրող ու պահպանող հող ու աշխարհ, որին բռնի տիրացել էին հեռուներից եկած քոչվորները: 
-Երբ արդեն սկսեցինք շրջել մեր ազատագրված հողերով,- ասում է Արմենը,- տեսանք, թե ինչքան խաչքարեր ու հայկական մատուռներ են առանց հայոց աղոթքի մնացել: Այստեղ կային եկեղեցիներ, հայկական բերդեր ու 9-11-րդ դարերի գերեզմանոցներ: Վերջիններս ու հատկապես Բաբաշլարի 10-12-րդ դարի հայկական եկեղեցին իրենց խոսուն վկայությամբ ու ապացույցով հակազդում են այն թյուր կարծիքին, որը հնչեցնում են ադրբեջանցիները, իբր Քարվաճառը գրավյալ տարածք է` ոչ հայկական: Քարվաճառի Զառ գյուղում ադրբեջանական դպրոցի պատերը կառուցվել էին հայկական խաչքարերով: Պատերազմից հետո այստեղ վերաբնակված հայերը  նոր դպրոց են կառուցել` հինը թողնելով ի ցույց ողջ աշխարհին: Նույնիսկ զվարթնոցատիպ հայ հեթանոսական ժամանակաշրջանի տաճար կա Զառ գյուղում:
Ազատամարտիկն ու կամավորը նաեւ շեշտում է, որ մինչեւ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսները ուղեկալի ոչ մի կամավոր պետությունից գումար չէր ուզում ստանալ: Իսկ  1993 թվականին արդեն կամավորական ջոկատների բազայի վրա ստեղծվում է երկրորդ  գումարտակը, որի հրամանատարը դառնում է Հենրիկ Մուրադյանը: Իսկ նորակազմ  գնդի հրամանատարն էր գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, իսկ գնդի հրամանատարի տեղակալներն էին Արմեն Բաբայանը, Արմեն Խոջաբեկյանը, Օնիկ Գրիգորյանը: Գումարտակն  ուներ 200-250 անդամ: Նրանց պաշտպանությանը հանձնվում է Քարվաճառի հյուսիսային հատվածը` Ալչինգտաղից մինչեւ Քյոռօղլիտաղ կոչվող տարածքը, Լեւ ու Բուզլու գյուղերի սահմանների պաշտպանությունը:  1993 թվականի օգոստոսի 13-ին մի քանի գումարտակների ուժերով, նախապես մշակված պլանի համաձայն, ազատամարտիկները փորձում են գործողություններ իրականացնել թշնամու թիկունքում եւ վերցնել նրա հիմնական հենակետերը: 
-Հովսեփ Հովսեփյանի եւ Հենրիկ Մուրադյանի հրամանատարությամբ կռվող մեր հիմնական ուժերը թշնամու վրա գրոհում էին դիմացից-վերհիշում է Արմեն Խոջաբեկյանը,- մենք անցանք թշնամու թիկունքը: Հանկարծակի հարձակվեցինք ու ավերեցինք նրա հիմնական հենակետերը, սակայն չկարողացանք գրավել: 
Մարտերի ընթացքում ունեցանք զոհեր, ծանր վիրավորներ եւ ստիպված եղանք նահանջել: Երկու օր ու գիշերվա ընթացքում կարողացա մեր տղաներին /15 զինվոր, երկու ծանր վիրավոր, մեկ դիակ/ դուրս բերել թշնամու թիկունքից: Այնուհետեւ, մինչեւ 1993 թվականի դեկտեմբերի 28-ը, զբաղվեցինք մեր դիրքերի ամրացման գործով: Մեզ աջակցում, խորհուրդներ էր տալիս գեներալ Դալիբալթայանը: Մեզ հետ քնում,  մեզ հետ արթնանում էր, ցուցումներ տալիս: 
-Մարտի դաշտում ամեն ինչ կարեւոր է, մանրուքներ չկան,- կրկնում էր գեներալը: 
Այդ ընթացքում ձեւավորվում է նաեւ հետախուզական ջոկատը, որի ակտիվ մարտիկներից էր Պեպոն /Ծովինար/, Ռազմիկը /Աստղաձոր/ Մորուք Հենրիկը, Սմբատը /Մ.Մասրիկ/:
Քարվաճառում տեղակայված հայկական բանակի մարտիկների համար օրհասական պահ եղավ 1993 թվականի դեկտեմբերի 28-ը, երբ թուրքերը հանկարծակի հարձակումով գրավեցին   Օմարի գագաթը: Հայկական կողմն ունեցավ բազմաթիվ զոհեր, վիրավորներ: Պատերազմում անփորձ, հիմնականում նորակոչիկներից բաղկացած հայկական վաշտերին օգնության են շտապում մարտական մեծ փորձ ձեռք բերած կամավորները: Թշնամու արագ առաջխաղացումը կանխելու համար նրանք մղեցին անհավասար, բայց անձնուրաց, եւ որ կարեւոր է, հաղթական մարտեր՝ անառիկ պահելով դեպի Արցախ ու Հայաստան տանող ռազմավարական կարեւորագույն ճանապարհները: Հովսեփ Հովսեփյանի եւ Հենրիկ Մուրադյանի հրամանատարությամբ կռվող բանակային ստորաբաժանումները շտապում են օգնության հասնել ծովինարցի Գեղամի եւ հրազդանցի Ռաֆայելի հրամանատարությամբ կռվող ջոկատներին: Դիրքերում մնում են մեկ-երկու պայմանագրային ծառայողներ: 
Տիրանալով Օմարի բարձունքին՝ 1994 թվականի հունվարի 2-ին,  թուրքերն ամբողջ թափով անցնում են հարձակման: Հայկական կողմի ուժերն անհամեմատ քիչ էին: Երբ Արմենն ու իր զինակիցները իջնում են Չապլի, որտեղ տեղակայված էր գլխավոր շտաբը, ճանապարհին հանդիպում են ականատեսների, ովքեր վկայում են, որ թշնամին 6-7 հազար զորքով  գյուղի մոտակայքում է հարձակումներ սկսել` տանկերով ու մարտական մեքենաներով զինված: Այդ պահին  որոշվում է նահանջել Սեյիտլար գյուղ: Սակայն, երբ գալիս է ծովինարցի Գեղամը Յանշաղից, տեղեկացնում է, որ Ռաֆայելը դիմադրում է մի քանի զինվորներով: Այդ պահին փոխվում է նահանջի որոշումը, եւ Յանշաղ, Բուզլու, Լեւ հենակետերում կազմակերպվում է դիմադրություն:
Նույն օրը  մի խումբ մարտիկների հանձնարարվում է բարձրանալ եւ դիրքավորվել մերձակա  Սուզուլուկ սարի գագաթ, որ թուրքերն այն չգրավեն: Հանձնարարությունը հստակորեն կատարվում է, ինչն էլ հետագայում մեծ նշանակություն է ունենում ճակատամարտի հաղթական ելքի վրա: Ցերեկվա ընթացքում գոմերում թաքնված ադրբեջանական բանակային ստորաբաժանումները հաջորդ գիշերը սկսում են հարձակումներ Բուզլուի դիրքերի վրա: 
Էդվարդ Պողոսյանը, ում անունով այժմ անվանակոչված է Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, տեսնելով, որ արդեն անհնարին է կասեցնել թուրքերի հարձակումը, զենքով դեմ առ դեմ դուրս է գալիս թշնամու դեմ` սպանելով  6 թշնամուց 4-ին: Ոսոխը կրակի տակ է առնում Էդվարդին: Նա գիտակցելով գնում է մահվանն ընդառաջ` հնարավորություն տալով մարտական ընկերոջը` Ադիխանյան Հայկոյին, դուրս գալ անդադար շարունակվող կրակահերթերի տակից: Բաբաշլույում գտնվող շտաբից Արմեն Խոջաբեկյանն իր հետ վերցնում է երեք զինվոր եւ Բուզլուի դիրքերի հայ մարտիկներին շտապում օգնության: Դեռ չեն հասնում մոտակա գերեզմանոցը, երբ ծավալվում է թեժ մարտը: Նրանք ընկնում են շրջափակման մեջ: Երեք խիզախներին միանում են նաեւ մոտակա դիրքերից դուրս եկած տաս հայ զինվոր: Անհավասար մարտը տեւում է մինչեւ երեկոյան ժամը հինգը: Թշնամու թիվն անցնում էր 150-ից, իսկ հայերը պայքարում էին 13 հոգով, այն էլ՝ երեք կողմից շրջապատված: 
-Թուրքերն ունեին 5 ականանետ,- պատմում է Արմենը,- եւ եթե դրանցից կրակահերթ բացեին մեզ վրա, դիմադրելն անհնարին կլիներ: Այս անելանելի պահին, պարզվում է, մեզ փրկում են  Սուզուլուկ սարում դիրքավորված մեր տղաները, ովքեր, շտապելով մեզ օգնության, սարից իջնելիս պատահաբար  դուրս են գալիս ականանետ կրակողներին դեմ դիմաց եւ դիմահար կրակոցով ոչնչացնում բոլորին: Այս կերպ իրավիճակը փրկվում է:  Ռազմական իմաստով տեղանքը կարեւոր էր, եւ երկու կողմն էլ չէր պատրաստվում հանձնել զբաղեցրած հատվածը: Նահանջի դեպքում փակվելու էր Զոդ գնացող ճանապարհը եւ կտրվելու էր Քարվաճառ-Վարդենիս ցամաքային կապը:
 Վերջապես հայ մարտիկներին հաջողվում է կապվել Հենրիկ Մուրադյանի հետ եւ օգնություն խնդրել: Շրջափակման վտանգից խուսափելով՝ հակառակորդը նահանջում է՝ մարտադաշտում թողնելով 25 դիակ: Մեր կողմից միակ զոհը Էդվարդ Պողոսյանն է դառնում, որի դին գազանները հասցնում են այլանդակել: 
Ռազմի դաշտում ընթացող պայքարի դժվարություններից ազատամարտիկը հիշում է 1994 թվականի հունվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածը, երբ հաջողությունն անցնում է թշնամու ձեռքը, իսկ հայերն ստիպված են լինում նահանջել: Նրանք վերցրել էին Չապլին գյուղը: Նահանջի ժամանակ մեր հրամանատարությունը հրահանգում է թողնել ռազմական ծանր տեխնիկան, սակայն խիզախներից Արտյոմ Մուրադյանը, Մեսրոպ Ավագյանը եւ Համլետ Աբրահամյանը հրաժարվում են կատարել հրամանը՝ փորձելով անձնազոհությամբ փրկել իրավիճակը եւ թանկարժեք ռազմական տեխնիկան: Նրանք անտառներով սկսում են ռազմական տեխնիկան հետ քաշել: Եվ երբ գրեթե հասնում են նպատակակետին՝ թշնամին նռնականետով հարվածում է  ռազմական մեքենային, որի մեջ էին խիզախները: Արտյոմը տեղում մահանում է: Մեսրոպը վիրավորվում է աչքերից, իսկ Համոն՝ ոտնաթաթից: Վերջինս այժմ ծառայում է Սոթքի զորամասում:  1994 թվականի հունվար-փետրվար ամիսներին Օմարի համար մղվող մարտերն ընթանում են փոփոխակի հաջողություններով: 
-Թարմ ուժերով համալրվեց նաեւ մեր շարքերը՝ Լալվար Գապոյան, Արմեն Գապոյան եւ այլն: Մարտի սկզբներից սկսվեց մեր առաջխաղացումը: Թուրքերը խուճապի մեջ ընկան` տալով հարյուրավոր զոհեր: Հակառակորդի գրավված դիրքերում ու  վրաններում հայտնաբերում էինք անձնագրեր, ցուցակներ, որոնք վկայում էին, որ թշնամու հետ մեր դեմ կռվել էին նաեւ Ուկրաինայից, Աֆղանստանից եկած վարձկաններ, - հավաստում է Խոջաբեկյանը: 
Պատերազմի դաշտում ընկերոջ՝ Արմեն Բաբայանի հետ վիրավորվել է նաեւ Արմեն Խոջաբեկյանը՝ 1993 թվականի օգոստոսի 13-ին: Արկի բեկորները մինչեւ այսօր էլ դեռ նրա մարմնում են՝ ամեն վայրկյան հիշեցնելով պատերազմի եւ արյամբ ազատագրված Հայրենիքի մասին: 
Միայն պայքարի անկոտրում ոգով, մարտական փորձով ու բազկի զորությամբ կանխվեց մահացու թշնամու առաջխաղացումը, որ սպառնում էր հերթական անգամ հայերիս համար պատմության մեջ սարքել նոր ցեղասպանություն, մահաբեր եղեռն: Արմենի նման քաջերն էին միայն, որ իրենց կուրծքը հերոսաբար դեմ տվեցին թշնամու ականներին ու գնդակներին, ամեն կերպ փակեցին նրանց ճամփան ու ախորժակը: Այսօր էլ իր բնից ծիկրակող ու դիվանագիտական սեղանների վրա մեզ վրա հոխորտացող թշնամին վերջին արդյունքում կամ գրոհի հերթական փորձն անելուց առաջ ոչ մի կերպ չի մոռանում այն ջարդը, որ կերավ ոչ վաղ անցյալում, հայ մարտիկների հետ բախվելիս, մարտիկներ, որոնցից շատերը մեր կողքին են, մարտական կամ քաղաքացիական ծառայության մեջ, թշնամու ամեն մի սպառնալիքին դիմագրավելու, նրա դունչն ամեն րոպե ջարդուփշուր անելու պատրաստ: 

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More